Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով
10/11/2026 16:17

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դուռը Երևանի համար չի փակվում, Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
«Մենք, որպես օրինապահ մարդիկ, որոնք հավատարիմ են իրենց պայմանագրային պարտավորություններին, այսօր համաձայնության եկանք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել ՀԱՊԿ Քարտուղարությունում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի ընդունման կասեցման և ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման մասին որոշումը՝ ճշգրիտ մեր կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածին համապատասխան, որում ասվում է. եթե ՀԱՊԿ բյուջեի պարտքը գերազանցում է 2-ամյա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից: Բայց մենք դուռը չենք փակում»,- նշել է Լավրովը։
«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է. «Ես, իհարկե, գնում եմ Եվրոպական միություն, ինձանից հանրաքվե են պահանջում, որպեսզի հայ ժողովուրդն ընտրի, թե որտեղ է իրեն ավելի լավ՝ Եվրասիական տնտեսական միությունո՞ւմ, թե՞ ԵՄ-ում, ես այդ ընտրությունը կանեմ, երբ պաշտոնապես հայտ ներկայացնեմ և ինձ դրան պատասխանեն», դա արդեն ընտրություն չի լինի, դա ժողովրդին կանգնեցնելու է կատարված փաստի առջև»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ մոտավորապես նույն տրամաբանությունն է նկատվում ՀԱՊԿ-ի առնչությամբ, երբ Երևանը հայտարարում է, թե կազմակերպությունն այլևս չի համապատասխանում երկրի շահերին, քանի որ չի ապահովում Հայաստանի կարիքները անվտանգության ոլորտում։
«Բայց եթե այդպես է, ուրեմն պետք է դուրս գալ։ Բայց եթե ուզում են, որ մենք դուրս վտարենք Հայաստանին, մենք այդպես չենք անի»,- եզրափակել է Լավրովը։