Պահանջում ենք ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվան մասին

11/11/2026 11:41

Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվան մասին: Այս մասին ԵՄ գրասենյակի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը: «Եկել ենք ԵՄ դեսպանատան դիմաց, քանի որ կարծում ենք, որ այս լռությունը, որն այս պահին կա, հիմնավորված չէ և առաջարկում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, այն ժողովրդավարության մահվան մասին, որն այս պահին տեղի է ունենում Հայաստանում»,- նշել է նա: Ըստ պատգամավորի՝ Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունենալը դարձել է քրեորեն պատժելի արարք: «Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ կալանավայրում ընդդիմադիր գործիչ է մահանում: Իհարկե, համապատասխան իրավական գործընթացներից հետո մենք մանրամասներին կտեղեկանանք, բայց առաջինը պետք է լինի այն, թե ինչու էր նա հայտվել այնտեղ: Նա այնտեղ էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական հայացքներ ուներ: Մեր պահանջն այն է, որ ընդդիմադիր լինելը չպետք է լինի քրեորեն պատժելի, քանի որ մենք տեսնում ենք, որ դա Հայաստանում քրեորեն պատժելի է»- ասել է Արեգա Հովսեփյանը: Հիշեցնենք, որ երեկ կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին (կամ 20-ի գիշերը) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ստեփանավանում իրականացված գործողությունների արդյունքում։ Այդ օրը Ստեփանավանում ձերբակալվել էր 14 անձ: