ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կորուստը հարված կլինի Հայաստանի ապագային

12/11/2026 10:28

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի կորուստը հարված կլինի իր պատմական հողերում երկրի ապագային»,- Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմովն է հայտարարել NEWS.ru-ի հետ զրույցում։ Նրա գնահատմամբ՝ XIX դարից ի վեր հայկական պետության գոյատևումը, զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները «մեծապես ապահովվել են Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իսկ հետագայում՝ Խորհրդային Միության կազմում գտնվելով»։ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երևանը սկսեց հետքայլ անել։ Սակայն նույնիսկ վերջին տարիների իրադարձությունները չհամոզեցին Փաշինյանին և նրա թիմին, որ հայկական պետությանն ու ժողովրդին իրական աջակցություն կարող են ցուցաբերել ոչ թե արևմտյան երկրները, այլ Ռուսաստանն ու մեր ընդհանուր դաշնակիցները»,- ասել է Կլիմովը։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելն էլ ավելի է նվազեցրել «երկարաժամկետ կայունություն ապահովելու» Հայաստանի հնարավորությունները։ Ռուսաստանցի պատգամավորի բնորոշմամբ՝ Երևանը «հայտնվում է նեոգաղութային ծուղակում, որի մեջ Արևմուտքը նրան մղել է՝ մտադրվելով Հայաստանն օգտագործել որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք»։