Կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13/11/2026 13:52

Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը․ այս մասին հայտնում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։
Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին, Երևանում։ 1946 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող։ 1970 թվականին հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Երեք տարի հետո վերադարձել է Երևան և ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ 1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ։ 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ Աշխատել է նաև Հայաստանի Պարի պետական անսամբլում։