Ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են

16/11/2026 09:55

Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման 5-ամյակի առիթով տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացնում էր իր ձեռքբերումները: Սակայն, ինչպես և սպասելի էր, Պապիկյանը չնշեց իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների (2023 թ., Տեղ-Կոռնիձոր հատված), ամրացված ու ընդլայնված ադրբեջանական ենթակառուցվածքների, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ու նախկինում իր հռչակած հայրենիքի ադրբեջանացման մասին: Անխոս, որպես քաղաքական թիմի առանցքային անդամ՝ Պապիկյանը նաև պատասխանատվություն ունի 44-օրյա պատերազմի, 2021-22 թթ. ադրբեջանական զավթումների և հազարավոր զոհերի համար: Սուրեն Պապիկյանը, իհարկե, չխոսեց ԶՈւ-ում հոգևոր ծառայության քանդման, բանակում գրանցվող՝ մահվան ելքով բազմաթիվ միջադեպերի, քաղաքականացված բանակի և դրա հետևանքով բազմաթիվ սպաների հեռանալու/հեռացվելու մասին: Երբ ներկայացվում է նոր սպառազինության ձեռքբերման մասին, երբեք չի մոռացվի գործող իշխանության տապալումների հետևանքով մի քանի միլիարդ դոլարի հասնող՝ խոցված և Ադրբեջանին որպես ավար հանձնված սպառազինության ու զինտեխնիկայի մասին: Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելու և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են: Ես չեմ հերքում, որ նաև ԶՈւ-ի համար արդյունավետ միջոցներ են ձեռք բերվել, սակայն այդ ամենի հետևում այն աղետալի իրականությունն է, ինչի մասին արդեն վերևում գրեցի: Իսկ եղած ռեսուրսներն ու հնարավորություններն էլ պետք է կառավարել ու անհրաժեշտ պահին գործի դնել, իսկ դուք 2020-23 թթ. արդեն ցույց եք տվել ձեր ու ձեր թիմի պատկերացումներն ու դրանց ողբերգական հետևանքները»,- գրել է Աբրահամյանը: