Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ
17/11/2026 12:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին, այս մասին նշված է Դատալեքսում:
Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատած և հայ կնոջը հրազենային ծանր վնասվածքներ հասցրած ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաև Ռահիմ Օղլիի վերաբերյալ քրեական գործը երեկ մուտք է եղել դատարան: Այն մակագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին:
Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թվականի հունվարի 28-ից ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թիվ 777 զորամասում, ծառայության բերումով իր տիրապետության տակ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաճափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ, Ն.Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։ Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։
Միաժամանակ, Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։
Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։
Ն.Մուսաևը, նշված առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռ. Ա.-ն և Ք. Ա.-ն: Ն.Մուսաևը, անչափահասներ Ռ.Ավետիսյանին և Ք.Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։
Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը անչափահասներ Ռ.Ավետիսյանին ու Ք.Ավետիսյանին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։
Այդ ընթացքում Անի Ավետիսյանը, դստեր՝ Ռ. Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Ն.Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռ. և Ք. Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։
Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։
Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից:
Նրա նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը: