«Հայաքվեն» տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին

18/11/2026 13:41

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հետևողականորեն շարունակում է փաստագրել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության գործունեության ընթացքում արձանագրված համակարգային կողմնակալության, քաղաքական բազմակարծության սահմանափակման, ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ համարժեք լուսաբանման դեպքերն ու եթերային քաղաքականությունը, հայտնել են միավորումից: «2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփ տեղեկագիրը պաշտոնապես ուղարկվել է միջազգային իրավասու կազմակերպություններին և միջկառավարական կառույցներին` ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակին, ՄԱԿ-ի՝ կարծիքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակին, Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին, Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU), Կարգավորող մարմինների եվրոպական հարթակին (EPRA)։ Տեղեկագրում փաստագրված են եթերաժամանակի անհամաչափ բաշխումը՝ հօգուտ իշխանության, ընդդիմադիր կամ այլընտրանքային ներկայացվածության համակարգային բացառումը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների կողմնակալ լուսաբանումը։ «Հայաքվեի» նպատակն է հետամուտ լինել, որպեսզի ՀՀ հանրային ռեսուրսները տնօրինողների կողմից թույլ տրված կոպտագույն խախտումները չմնան միայն ներհայաստանյան մարմինների սոսկ գնահատականների շրջանակում, այլև դառնան միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների ուշադրության և քննության առարկա։ Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության անկախությունը, անաչառությունն ու քաղաքական բազմակարծությունը եթերով ապահովելը ժողովրդավարական պետության պարտադիր պայմաններ են։ «Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն պահանջել հանրային հեռարձակողի վերադարձն իր հանրային առաքելությանը»,- նշված է հայտարարության մեջ: