Հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է ռուսական կողմի նախաձեռնությամբ

20/11/2026 17:22

Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ,- ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան է այս մասին հայտարարել։ «Մենք, իհարկե, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը հանդիսանում է ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկը, և դրանում շահագրգռված են ոչ միայն հենց այս տարածաշրջանի պետությունները, այլև անմիջական հարևանները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան։ Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին։ Այս ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝20-22 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ փոխգործակցության բոլոր առանցքային ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական կապերի համալիր ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա, քաղաքացիական հասարակության գծով շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Եվ այս բոլոր մշակումները, իհարկե, արդիական են այսօր։ Կողմերից ոչ մեկը պայմանավորվածությունների տակից իր ստորագրությունը հետ չի կանչել, և ներկայումս, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել միմյանց հետ։ Մենք այդ որոշումը, բնականաբար, հարգում ենք, ընդ որում՝ նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին, եթե այն պահանջված լինի հարցերի ամենալայն շրջանակով»,- ասել է Զախարովան: