Միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել ճնշման լրացուցիչ գործիքի

22/11/2026 16:27

Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի,- այս մասին էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվող առևտրային հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանվել է ընդամենը 95,5 հազար դոլարի ապրանք (հիմնականում ալյումինե փայլաթիթեղ), մինչդեռ հակառակ ուղղությամբ արտահանման ծավալը կազմել է շուրջ 23,45 միլիոն դոլար։ Փաստորեն, Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը։ Առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է։ Առավել մտահոգիչ է առևտրի ապրանքային կառուցվածքը։ Ադրբեջանը Հայաստան է արտահանում հիմնականում նավթամթերք՝ դիզելային վառելիք և բենզին, մինչդեռ Հայաստանից արտահանումը չնչին է։ Սա ոչ թե փոխշահավետ առևտրի, այլ էներգետիկ միակողմանի կախվածության ձևավորման նախանշան է։ Ընդ որում, ապրանքները դեռևս տարանցվում են Վրաստանի տարածքով. հայ-ադրբեջանական սահմանը փակ է, իսկ լիարժեք տնտեսական հարաբերություններ գոյություն չունեն։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար խոսում են հայ-ադրբեջանական առևտրի վերականգնման մասին՝ այն ներկայացնելով որպես խաղաղության ամրապնդման կարևոր երաշխիք։ Հրապարակված վիճակագրությունը վկայում է ակնհայտ անհամաչափության մասին։ Ես ամենևին դեմ չեմ Ադրբեջանի հետ առևտրին։ Տնտեսական համագործակցությունն իսկապես կարող է նպաստել խաղաղությանը, եթե հիմնված է փոխշահավետության և փոխադարձ կախվածության վրա։ Սակայն միակողմանի կախվածությունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշման լրացուցիչ գործիքի։ 23,5 միլիոն դոլարը Հայաստանի նավթամթերքի ընդհանուր ներմուծման համեմատ դեռ մեծ ծավալ չէ, սակայն էականը ոչ այնքան գումարն է, որքան ձևավորվող հարաբերությունների տրամաբանությունը։ Բաքվի հետևողական քաղաքականությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն առևտուրը դիտարկում է նաև որպես Հայաստանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ձևավորելու միջոց։ Այս համատեքստում առավել մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների մոտեցումը, որոնք առևտրի վերականգնումը վերածում են PR կամպանիայի՝ անտեսելով հնարավոր երկարաժամկետ ռիսկերը։ Հայաստանին անհրաժեշտ է տարածաշրջանային տնտեսական համագործակցություն, որը կամրապնդի մեր երկրի ինքնիշխանությունը և կծառայի ազգային շահերին, այլ ոչ թե կխորացնի կախվածությունը Ադրբեջանից։ Հակառակ դեպքում՝ խաղաղության գրավիչ կարգախոսների ներքո կարող է ձևավորվել մի համակարգ, որտեղ Ադրբեջանն իր ռազմական և քաղաքական ճնշման գործիքակազմը կհամալրի նաև տնտեսական լծակներով։ Սա Հայաստանի ենթարկեցման քաղաքականությունն է»,- գրել է նա։