«Այո»-ի իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա

23/11/2026 14:08

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։ Գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյան․ «Սահմանադրության տեքստին ու դրա բոլոր դետալներին իրավական անդրադարձ կատարելու եմ տարբեր ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կիրազեկեմ: Հիմա ուզում եմ արձանագրել ընդամենը մեկ բան. եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա։ Առաջին՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ։ Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն», որի ընդունումը կապվելու է խաղաղության հաստատման, պետականության հարատևության և երկրի ապագայի հետ։ Երկրորդ՝ ԸՆՏՐԱԿԱՆ և ՎԱՐՉԱԿԱՆ։ Ընտրական ցուցակների այսպես կոչված մաքրում, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակումներ և այլ մեխանիզմներ, որոնք կարող են ազդել հանրաքվեին մասնակցության ցուցանիշների և անհրաժեշտ ձայների շեմի ապահովման վրա։ Երրորդ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Ընդդիմության վերջնական ապալեգիտիմացում, շարունակական թիրախավորում, ֆինանսավորման աղբյուրներից զրկում և քաղաքական մրցակցության հնարավորությունների առավելագույն սահմանափակում»։