«Զանգեզուրի միջանցքը» կապահովի Նախիջևանի հետ անխոչընդոտ կապը. Ալիև
24/11/2026 15:19

Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը,- ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել այս մասին:
«Այն նաև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Միջազգային Կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար։
Նրա համոզմամբ՝ Կոնգրեսը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը։