Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել

25/11/2026 17:40

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն գործով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։ Նա մեղադրվում է Տոնոյանին օժանդակելու համար, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նոյեմբերի 24-ին գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Ըստ Դատալեքսի՝ երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ գործն է Տոնոյանի նկատմամբ։ 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը նրանք կալանավորվել էին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: