TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ դեսպան
27/2/2026 10:56

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ այս մասին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:
«Ազատության» հարցին՝ արդյոք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են, Խալիլ Շիրղոլամին պատասխանել է՝
«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք: Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան»։
2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունից հետո հարևան Իրանից պարբերաբար մտահոգություններ էին հնչում. պաշտոնապես հայտարարում են, թե TRIPP-ի մասին հայկական կողմի հավաստիացումներին հավատում են, մյուս կողմից, սակայն մտավախություն հայտնում, թե Միացյալ Նահանգներն այս ծրագիրը հնարավոր է սեփական անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար օգտագործի: Անցած տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականն ուղիղ հայտարարել էր, թե TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և Թեհրանն ի սկզբանե դեմ է եղել նախագծին:
«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների թշնամական վերաբերմունքը Թեհրանի հանդեպ՝ մենք մտահոգություններ ունեինք, որոնց մասին մեր հայ գործընկերների հետ խոսել ենք շատ ջերմ մթնոլորտում, նրանք մեզ վստահեցրել են, թե Հայաստանը Իրանի դեմ գործողությունների հարթակ չի դառնա: Մենք փոխադարձ վստահություն ունենք»,- ասել է Շիրղոլամին: