Ռ․ Վարդանյանի ընտանիքը չի բողոքարկի ադրբեջանական դատարանի դատավճիռը

27/2/2026 17:04

Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը որոշել է չբողոքարկել ադրբեջանական դատարանի սահմանած 20 տարվա ազատազրկման դատավճիռը,- FRANCE 24-ի հետ զրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը: Դավիթ Վարդանյանի խոսքով՝ բողոքարկումից հրաժարվելը պայմանավորված է դատարանի կանխակալ դիրքորոշմամբ։ «Սա իրական դատավարություն չէ, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի համար: Քաղաքացիական անձին ռազմական տրիբունալով դատելը հակասում է միջազգային բոլոր նորմերին»,- նշել է նա՝ հավելելով, որ միջազգային փաստաբաններին 2,5 տարի շարունակ թույլ չեն տվել տեսակցել հորը: Անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Նյուրնբերգյան դատավարության» հետ համեմատություններին՝ Դավիթ Վարդանյանը դրանք որակել է անհիմն և վտանգավոր: Չնայած 860-օրյա անազատությանը՝ Ռուբեն Վարդանյանը լավատես է։ «Նա հորդորում է մեզ բոլորիս չտրվել վախին և պայքարել հանուն արդարության՝ չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում: Նա ոչ մեկի դեմ քինախնդրություն չունի»-, հավելել է Դավիթ Վարդանյանը։ Դավիթ Վարդանյանը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նոր վարչակազմի ջանքերը խաղաղություն հաստատելու գործում՝ ընդգծելով որ դեռ նախորդ տարվա օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անձամբ հանձնառություն է ստանձնել աջակցել Բաքվի բանտերում պահվող հայ քրիստոնյա պատանդների ազատ արձակմանը և այդ գործընթացում զգալի դերակատարում է ունեցել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով տարածաշրջանային այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումներում առաջնային պլան է մղել գերիների վերադարձի հրամայականը Անդրադառնալով ստեղծված իրավիճակին Դավիթ Վարդանյանը շեշտել է որ ի վերջո հենց Հայաստանի կառավարության ուղղակի պատասխանատվությունն ու պարտականությունն է ապահովել իր քաղաքացիների անվտանգ վերադարձը տուն։