Երևանն էլ են վերածել քարուքանդ քաղաքի

25/2/2026 09:25

Մի երկու օր առաջ ռադիոյով քաղաքապետարանի խորհրդակցությունից հատվածներ էի լսում։ Եթե դա լսեր դրսից եկած, մեր երկրից անտեղյակ մարդ, կմտածեր, թե նոր-նոր ընտրված քաղաքապետ է՝ նոր է ծանոթանում աշխատանքին ու խնդիրներին,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Քննարկումը սարսափելի որակի ու բովանդակության էր՝ արհեստական բնույթի «նկատողություններ» տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և ժանրի մեջ տեղավորվող ցածրորակ երկխոսություն։ Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի։ Ասֆալտը մեկ տարի չի ձգում, փողոցներում արվող սալիկապատումը՝ մեկ սեզոն, մայթերն ու փողոցները փոշու ու աղբի մեջ են։ Նույնիսկ փողոցային «կարկատան» չեն կարողանում անել։ Առկա լուրջ խնդիրների մասին, սրանց գոյության պայմաններում, անիմաստ է խոսել՝ երթևեկություն, տրանսպորտ, ենթակառուցվածքային ծրագրեր։ Ամեն ինչ տապալել են։ Ու դեռ խոսում են, գլուխ գովում, հոխորտում, իսկ տակը՝ զրոյական վիճակ»,- գրել է Աբրահամյանը։