«Վեոլիա Ջուր»-ը պարզաբանել է
25/2/2026 16:48

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված պարզաբանում է տարածել, որում ընդգծվում է, որ նոր ժամանակացույցով ջրամատակարարումը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները։
«Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից: Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել»։