Հաջիև. հայերը պետք է պահանջեն Սահմանադրության փոփոխություն
27/9/2024 18:35
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Բաքուն Հայաստանի Սահմանադրությունը, որը կասկածի տակ է դնում «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», խոչընդոտ է համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար։
«Մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղությանը, բայց մնում են խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս առաջ գնալ, և առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որը անկախության հաստատման մասում նշում է Հայաստանի վերամիավորումը Ղարաբաղում «ադրբեջանական տարածքների» հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև երկրի ժողովրդի հետ, որը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով «ադրբեջանական տարածքների» նկատմամբ հավակնություններից: Պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները»,- ասել է նա։
Հաջիևը նաև կարծում է, որ Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը.
Ըստ Իլհամ Ալիևի օգնականի՝ Հայաստանի ռազմականացումը պետք է իրականացվի «պատասխանատու ձևով և համաչափ», մինչդեռ Բաքուն, նրա պնդմամբ, ինքնապաշտպանվելու իրավունք ունի: Հաջիևը մտահոգություն է հայտնել Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։
«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է նա։
Բաքուն, նրա խոսքով, փորձեր է տեսնում արևմտյան որոշ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից «սխալմամբ աջակցելու Հայաստանին իր ռևանշիստական նկրտումներում»:
«Սա հակաարդյունավետ է ամբողջ Եվրոպայի համար», - ասել է նա: