Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

13/1/2026 18:54

Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ – ին 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը: Ձեռք է բերվել նաև գերհամակարգիչ, որը համալրված է 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով։ Վերջինիս լիարժեք գործարկումն ու առավել արդյունավետ կիրառությունն ապահովելու համար ձևավորված տվյալների մշակման կենտրոնի մրցունակության բարձրացման նպատակով 2025 թ. հատկացվել է ևս 1,17 մլրդ դրամ։ Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։ Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։ Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է, որ գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես, օրինակ՝ հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին՝ գիտական կոնկրետ խնդիրների լուծման, ինչպես նաև կրթական նպատակով։ Գիտության ոլորտում ՀՀ Կառավարության լայնածավալ բարեփոխումների համատեքստում ոլորտի պետական ֆինանսավորումը 2018թ.-ից սկսած շուրջ եռակի աճ է գրանցել: Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքները, մասնավորապես, հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական միջավայր: