Մարմարաշենի կամրջի մոտ բախվել է 14 ավտոմեքենա

14/1/2026 10:18

Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկատվությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։ Իսկ բախման հետևանքով էլ մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։