Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում
19/1/2026 19:45

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։
«Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին»,- նշել է նա։