Մահացել է Արտավազդ Սահակյանը

6/12/2025 15:16

Մահացել է ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Աննա Սարգսյանը։ «Խորը ցավով տեղեկացա Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան լուրին։ Արտավազդ Բագրատովիչը մեր մասնագիտության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։ Տարիներ շարունակ նա կրթել և ոգևորել է բարձր պատրաստվածությամբ մասնագետների բազմաթիվ սերունդներ՝ իր գիտելիքով, փորձով և անսահման նվիրվածությամբ կարևոր ներդրում ունենալով ոլորտի կայացման գործում։ Նրա անձը, մասնագիտական սկզբունքներն ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան հիշատակ բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։ Արտավազդ Բագրատովիչը դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ, և նրա կորուստը մեծ և անդառնալի է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նրա աշակերտների ու ճանաչողների համար։ Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա բոլոր աշակերտներին։ Թող նրա լուսավոր հիշատակը մնա վառ և ներշնչման աղբյուր բոլորիս համար», - գրել է նա։ Իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ «Իր տեսակով անկրկնելի, մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով Բժիշկ... Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ կատարվել են մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ: 1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ: Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից: Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն: Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ...»,- գրել է նա։ Արտավազդ Սահակյանը 72 տարեկան էր։