Ադրբեջանում հանդիպումից հետո կհամաձայնվենք հանդիպել Հայաստանում

8/12/2025 15:40

Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա՝ Հայաստանում, և ստեղծված իրավիճակում չի տեսնում որևէ պատճառ, որ Երևանը մերժի այս առաջարկը․ այս մասին Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հիշեցրել է, որ «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին։ «Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը»,- նշել է Բայրամովը և ընդգծել, որ տարածաշրջանային իրավիճակն այսօր զգալիորեն փոխվել է, և Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։ Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և աջակցում է «3+3» ձևաչափով հանդիպումները նախ՝ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում անցկացնելու առաջարկին։