Կոչ ենք անում Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի շուրջը

8/12/2025 15:51

Վերջին ամիսներին խորը մտահոգությամբ հետևել ենք Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող անհանգստացնող զարգացումներին։ Տարբեր առիթներով ու միջոցներով փորձել ենք մեղմել իրավիճակի լարվածությունը և կողմերին մղել փոխադարձ հասկացողության, զգուշացնելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել եկեղեցու պառակտման։ Այսօր, փաստորեն, ստեղծված իրավիճակը առավել վտանգավոր է և կարող է աննախատեսելի հետևանքներ ունենալ։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի տարածած հայտարարության մեջ: «Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միասնության ամուր պահպանությունն ու ներսային և արտաքին սպառնալիքներից զերծ պահելը համազգային առաջնահերթություն է։ Այս գիտակցությամբ և հանձնառությամբ մենք հղում ենք անում հետևյալ կոչը․ Հայաստանի Հանրապետությունների իշխանություններին՝ - կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, - խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել և հակասահմանադրական ու անընդունելի են՝ սպառնալով եկեղեցու, ազգի և Հայրենիքի անվտանգությանը։ Սուրբ Էջմիածնին՝ - հնարավորինս արագ, համբերատար և խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը, - համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ, - եղբայրական ոգով և կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է, և միաժամանակ՝ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք և պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն՝ կառուցողական, շինարար և բարեփոխիչ մոտեցմամբ, միտված՝ զորացնելու նրա ծառայողական առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ: