Ամենավատ ցուցանիշներն արդարադատության և պետական ինստիտուտների ոլորտում են
9/12/2025 16:21

Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չակերտավոր ուժեղ են: Ըստ էության, պետությունն իր վրա ահռելի բեռ է վերցրել՝ իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չէ, թույլ պետություն է: Ավելի ճիշտ կլիներ, որ լիներ փոքր պետություն և, փոքր պետություն լինելով, իր պարտավորությունները հստակ կատարեր և ակտիվ մասնակցություն ապահովեր հասարակության, քաղաքացիների և բիզնեսի, բայց չներկայանար որպես ուժեղ պետություն։ Այս մասին Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Այսօր ուժեղությունն ու թուլությունը չի ձևակերպում հենց նրանով, թե դուք ինչքանով եք կարողանում ձեր առջև, հասարակության կողմից պետության առջև դրված խնդիրները լուծելու, ավելի կարևոր է, թե ինչքանով ենք մենք արդյունավետ»,-նշել է նա։
Նախագահն ասել է, որ տարբեր միջազգային ինդեքսների և համաթվերի երկարաժամկետ դիտարկումներ է անում և ըստ դրանց նշմարվում են Հայաստանի երկու հիմնախնդիրները:
«Ամենավատ ցուցանիշներն օրենքի գերականության, արդարադատության կամ արդարության ոլորտում է, երկրորդը՝ պետական ինստիտուտների արդյունավետության: Այս երկու ցուցանիշներն են, մնացած տեղերը, որտեղ խոսքը վերաբերում է ֆինանսական կայունությանը, տնտեսական ազատությանը, արտաքին առևտուրին՝ ունենք զգալի առաջընթաց»,-հավելել է Խաչատուրյանը: